Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ստեղծելը լավ գաղափար է, այլ բան է պետությունը կցանկանա՞ այն օգտագործել, թե՞ ոչ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը` խոսելով երեկ ստեղծված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի շուրջ:
«Գաղափարը, որը դրվեց այդ հանձնաժողովի հիմքում, լավն է, այլ բան է` արդյո՞ք պետությունը կցանկանա օգտագործել այդ հանձնաժողովը և հեռացնել քաղաքականությունը բիզնեսից, թույլ չտալ շահերի բախում, այլոց իրավունքների ոտնահարում»,- մեկնաբանեց պատգամավորը` հավելելով, որ ամեն բան կախված է իշխանության քաղաքական կամքից:
Հիշեցնենք, որ ստեղծվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Հանձնաժողովի անդամներ են նշանակվել Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, Վճռաբեկ դատարանի նախագահի և գլխավոր դատախազի առաջարկած թեկնածուները: Հանձնաժողովի առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է և արդար համակարգի ներդրումը:








































