Բրազիլական «Սանթոս»-ը ստիպված էր փակել իր` հաջող ելույթներ ունեցող երկու թիմեր, որպեսզի կարողանա ակումբում պահել 19-ամյա հարձակվող Նեյմարին: Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էին «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և «Չելսի»-ն, սակայն վերջինս երկարաձգեց իր պայմանագրի ժամկետը «Սանթոս»-ի հետ:
Բրազիլական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մինչև 2014 թվականը նախատեսված իր նոր պայմանագրով Նեյմարը կստանա 15 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Այդ գումարը վճարելու համար «Սանթոս»-ը ստիպված էր կրճատել այլ ծախսեր, և առաջին «զոհերը» դարձան թիմի կանանց և մինի ֆուտբոլի հավաքականները: Այդ որոշումը շատ անսպասելի էր, քանի որ մինի ֆուտբոլի թիմը ստեղծվել էր անցած տարի և անմիջապես համալրվել 2004 և 2008 թվականների աշխարհի լավագույն մինիֆուտբոլիստ Ֆալկաոյով, որից հետո հաջողվեց դառնալ Բրազիլիայի չեմպիոն:
«Նեյմարին մեր թիմում պահելը մեծ քայլ էր, որը շատ թանկ արժեցավ»,- նշել է «Սանթոս»-ի նախագահ Լուիս Ալվարո դե Օլիվեյրան:










































