Վանաձորի Հովհաննես Աբելյանի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վահե Շահվերդյանը 2012-ից շատ ակնկալիքներ և 2012-ին շատ անելիքներ ու ծրագրեր ունի:
Հարցին՝ 2011-ի ընթացքում դերասանների, թատրոնի վիճակը որքանո՞վ բարելավվեց, Վահե Շահվերդյանը պատասխանեց. «Բարելավվել է այնքանով, որ դերասաններից (եթե դա կարելի է բարելավում համարել, քանի որ ինձ համար մի քիչ չակերտավոր է այդ բարելավումը) շատերը հնարավորություն են ստացել սերիալներում նկարահանվելու, ոմանք շատ լավ, ոմանք վատ, բայց, այնուամենայնիվ, նրանք դրանով կարողանում են իրենց կենցաղային հարցերը լուծել, և դա արդեն վատ չէ, բայց մնացածի մասին մեր պետությունը և կառավարությունը լուրջ մտածելու տեղ ունեն»:
Երկրի վիճակը որքանով փոխվեց՝ Վահե Շահվերդյանը դժվարացավ պատասխանել. «Ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ինչպես կար՝ այնպես էլ է: Համենայն դեպս, մշակույթի ասպարեզում մնացել է նույնը, բայց այլ ոլորտներում առաջխաղացում տեսնում եմ: Մշակույթին աջակցելու առումով անելիքներ շատ կան,- ասաց Վահե Շահվերդյանը՝ ավելացնելով, որ մի ցանկություն ունի, այն է՝ կողմնորոշումը ճիշտ լինի։- Նկատի ունեմ, որ մշակույթի ասպարեզում իրականացված ծրագրերը, ցավոք, շատ հաճախ մեկօրյա են լինում, և լավ կլիներ ավելի գլոբալ նպատակների համար ծառայեցնեն»:









































