Արևելագետ Գրիգոր Վարդանյանը կարծում է, որ Արաբական պետությունների լիգայի կողմից Սիրիայում ներկայումս իրականացվող մոնիտորինգը ձախողվելու է, իսկ երկրում առկա իրավիճակի մասին կառույցի ներկայացրած վերջնական զեկույցը որևէ արդյունք չի տալու: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Սիրիայում իրավիճակը գնալով լարվում է, իսկ Արաբական պետությունների լիգայի դիտորդներն իրենց գնահատականներում այնքան էլ իրատեսական տեսակետներ չեն արտահայտում, հետևաբար կարծում եմ, որ կառույցի առաքելությունը տապալվելու է, և Սիրիայի հարցը դուրս է գալու և լուծվելու է արաբական շրջանակներից դուրս: Ընդ որում, խնդրի կարգավորման միակ շրջանակը ՄԱԿ-ն է»,- նկատեց Գրիգոր Վարդանյանը՝ հավելելով, թե ինքը խիստ կասկածում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ կգնան իրենց շահերին և կցանկանան նպաստել սիրիական խնդրի կարգավորմանը:









































