Թունիսի իշխանությունները երրորդ անգամ երկարացրել են արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում հայտարարվել էր Թունիսի նախկին նախագահ Զին Բեն Ալիի փախուստից անմիջապես հետո: Այդ մասին հայտարարում է «Սինխուան» գործակալությունը:
Հրամանագրի համաձայն, որը հունվարի 2-ին ստորագրել է նախագահ Մանսեֆ Մարզուկին, արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է մինչև 2012 թ. մարտի 31-ը:
Թունիսի նախագահի ապարատում դեռ չեն պարզաբանում ռեժիմի երկարացման պատճառը, որի հետևանքով սահմանափակվել է քաղաքացիների ազատ տեղաշարժը, և ընդլայնվել են գործադիր իշխանության լիազորությունները: Փորձագետները, սակայն, ենթադրում են, որ նման որոշման պատճառը հարևան Լիբիայի հետ սահմանում տիրող իրավիճակն է: Բացի այդ` երկրի հարավում շարունակվում են գործադուլները, որոնք մասնակի խոչընդոտում են քաղաքային տրանսպորտի երթևեկությանը քաղաքի որոշ շրջաններում:
Հիշեցնենք, որ Թունիսը, ինչպես Լիբիան, 2011 թ. ենթարկվեց «արաբական գարնան» հեղաշրջմանը, բայց եթե Զ. Բեն Ալին հանձնվեց ու փախուստի դիմեց երկրից, Ջամահիրիայի առաջնորդը մինչև վերջին շունչը պայքարեց իր իշխանությունը վպահելու համար:
Դրա հետ կապված` մինչև օրս Թունիս են փախչում փախստականներ քաղաքացիական պատերազմից պառակտված հարևան Լիբիայից: Վերջինիս հետ սահմանում վիճակը վատանում է ոչ միայն փախստականների, այլև զանազան զինված խմբավորումների գործողությունների հետևանքով:










































