Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի «Ազգային ժողովրդավարրություն» կուսակցության (Bozkurt -գորշ գայլ) համակիրներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանում Իրանի դեսպանատան առջև։ Դա պայմանավորված է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կատարած հայկական այցով և հայ-իրանական հարաբերությունների մերձեցմամբ։
Ակցիայի ժամանակ ադրբեջանական «գորշ գայլերը» հնչեցրել են մի շարք հակահայկական ու հակաիրանական կարգախոսներ. «Ահմադինեժադը հայ է և թուրքի թշնամին է», «Հայաստանին աջակցողը մուսուլման չէ», «Ամոթ պարսկական շովինիզմին», «Հայաստանի ընկերն իսլամի թշնամին է»։
Նշվում է, որ այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան առջև՝ կապված օրեր առաջ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ։








































