CNN Türk-ի փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլում բացվելու է Առաջին համաշխարհային պատերազմից հետո փակված հայկական Որդվոց Որոտման եկեղեցին։ Եկեղեցու բացմանը մասնակցելու է Թուրքիայի մաքսային ծառայության և առևտրի նախարար Հայաթի Յազըջըն։
Գումգափըի Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրի կազմում ներառված այս եկեղեցու վերականգնումն իրականացվել է «Ստամբուլը 2010 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:
Նշվում է, որ այս եկեղեցու վերաբացումը Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանի երազանքն էր, որը ծանր հիվանդության պատճառով չի կարողանում իրականացնել իր գործառույթները, և նրան ժամանակավորապես փոխարինում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե վերաբացումից հետո Որդվոց Որոտման եկեղեցին վերանվանվելու է Մեսրոպ 2-րդ Մութաֆյանի անունով։








































