2012 թվականի հունվարի 1-ից Կուբայում ուժի մեջ են մտնելու շուկայական բարեփոխումների շրջանակում իրականացվող փոփոխությունները, որի համաձայն՝ մասնավոր սեկտորի առջև բաց է լինելու մանրածախ ծառայությունների մուտքը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այդ պահից ատաղձագործները, լուսանկարիչները և մասնավոր այլ վարպետներ հնարավորություն կունենան գրանցել իրենց մասնավոր ձեռնարկությունները և ինքնուրույն աշխատել` ինքնակամ հաստատելով աշխատանքի գրաֆիկը և գները:
Այդ կերպ Կուբայի իշխատնությունները իրականացնում են տնտեսության ազատականացման ծրագիրը` ուղղված լճացման հաղթահարմանը և աճի խթանմանը՝ տնտեսությունում պետության դերի նվազեցման և մասնավոր նախաձեռնությունը խրախուսելու ճանապարհով: 2016 թվականին Ռաուլ Կաստրոյի կառավարությունը մտադիր է աշխատող բնակչության 35-40 տոկոսին բերել մասնավոր սեկտոր:
1959 թվականին Կուբայի հեղափոխությունից հետո, Ֆիդել Կաստրոյի որոշմամբ, բոլոր ձեռնարկությունները ազգայնացվել էին: Սակայն նրա իրավահաջորդ և կրտսեր եղբայր Ռաուլ Կաստրոն, որն իշխանության էր եկել 2008 թվականին, բացահայտորեն այդ քայլն անվանել է սխալմունք:
Ընթացիկ տարում իշխանություններն առաջարկել են ավելի քան 300 բարեփոխումների նախագիծ երկրի տնտեսությունը լճացումից փրկելու համար: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում էր արագ զարգացող ոչ պետական սեկտորը, այդ թվում՝ նաև ագարակային տնտեսությունը և մանրածախ առևտուրը: Բացի այդ, իշխանությունները մտադիր են հանել որոշ արգելքներ մասնավոր սեփականության առքուվաճառքի վրայից, եկամտահարկերի հավաքմանը տալ ավելի քիչ կենտրոնացած բնույթ, ինչպես նաև երաշխավորել պետական ձեռնարկություններին մեծ անկախություն բիզնես-որոշումների և դրանց կառավարման միջոցների հարցերով:








































