Շրջանառվում է տեղեկատվություն, թե 2012թ. համար ԱՊՊԱ պայմանագրերի կնքումն այլևս պարտադիր չէ և ավտոսեփականատերերը ինքնուրույն են որոշում` ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագրե՞ր, թե՞ ոչ:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ նման տեղեկատվություն տարածողները նպատակ ունեն ապակողմնորոշել հասարակությանը, ինչը կարող է լրացուցիչ խնդիրներ և լարվածություն ստեղծել ԱՊՊԱ պայմանագիր չկնքած ավտոսեփականատերերի և վարորդների համար:
Բյուրոյից հիշեցնում են.
1. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ավտոմեքենաների համար ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը պարտադիր է
2. ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված է տուգանք` յուրաքանչյուր տասն օրը մեկ 5000 և տարեկան առավելագույն 50.000 ՀՀ դրամ` անկախ այն հանգամանքից, թե ավտոմեքենան փաստացի օգտագործվում է, թե ոչ
3. առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենան վարելու համար սահմանված տուգանքը 50 000 դրամ է, իսկ մեքենայի վրա ժամկետանց կտրոն փակցված լինելու դեպքում սահմանված տուգանքը 150 000 դրամ է:
Վերոգրյալից ելնելով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր ավտոսեփականատերերին ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագրեր:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիմնադրվել է ՀՀ ԿԲ-ի կողմից և իր փաստացի գործունեությունը սկսել է 2010թ. սեպտեմբերի 1-ից:
Բյուրոյին ներկայում անդամակցում են թվով ութ ապահովագրական ընկերություններ:
Բյուրոյի գործունեության նպատակը ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումն է, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում տուժած անձանց շահերի պաշտպանությունը:
Բյուրոն իր նպատակների իրագործման համար ընդունում է կանոններ և որոշումներ ԱՊՊԱ ոլորտի և այդ ոլորտում գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերությունների համար և սահմանված կարգով հսկողություն իրականացնում այդ կանոնների և որոշումների կատարման նկատմամբ:








































