Այս տարի արտահանման ծավալները 22-25% ավելանում են գումարային առումով, թեկուզ և դա հանքահումքային և գյուղոլորտի ապրանքների շնորհիվ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ հիմնականում ՀՀ արտահանման զամբյուղում դրանք են կշիռ ունեցողները:
«Այս տարի արտահանման ծավալները կմեծանան և 1.2 մլրդ դրամի կհասնեն»,- ասաց նա:
Վ.Սաֆարյանը նկատեց, որ հաջորդ տարի ճգնաժամի նոր ալիքի դեպքում, եթե հանքարդյունաբերության մեջ նվազում կարող է լինել, պետք է փորձել ավելի շատ սնունդ արտահանել, որովհետև ինչքան էլ հումքի պահանջարկի նվազում լինի, միևնույնն է սնունդ օգտագործվելու է: Ըստ նրա՝ դրա համար կառավարությունը արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման ռազմավարություն է մշակել, որում կոնյակագործությունը և դեղագործությունը ճանաչվել են առաջնահերթ ուղղություններ: «Պետք է ակտիվացնել ԱԳՆ դեսպանատներում առևտրային կցորդների աշխատանքը: Հատկապես կոնյակը պետք է չինական շուկան նվաճի, դեղագործության ոլորտում պետությունը պետք է ներդրում անի, և նույնիսկ ճգնաժամի պայմաններում կարող ենք որոշակի պահպանել արտահանման ծավալները»,- նկատեց Վ.Սաֆարյանը:







































