Գիտնականների նոր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ աղավնիները կարողանում են հաշվել:
Նախկինում արված հետազոտությունները ցույց են տվել, որ տարբեր կենդանիներ կարող են սովորել հաշվել, եթե նրանց հաջողությունների համար պարգևատրվեն իրենց կերով: 1989 թվականին հետազոտողները պարզել են, որ որոշ կապիկներ հատուկ վարժեցումից հետո կարողանում են հաշվել մինչև չորսը: Բայց նրանք այնքան խելացի են, որ այնուհետև կարողացել են սովորել հաշվել մինչև ինը՝ առանց որևէ օգնության:
Այս հետազոտությունների հիման վրա Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե արդյո՞ք աղավնիները նույնպես կարող են սովորել հաշվել, թե՝ ոչ:
Հոգեբան Դոմիան Սկարֆն ասում է, որ աղավնիների համար հեշտ է տեսողական վարժություններ կատարել, քանի որ նրանց տեսողությունը բավականին սուր է, և հեշտ է նրանց վարժեցնելը:
Fox News-ը գրում է, որ որպեսզի աղավնիների մաթեմատիկական ունակությունների մասին պատկերացում կազմեն, գիտնականները տարբեր նկարներ են նրանց ցույց տվել, որոնց վրա տարբեր թվեր են գրված եղել: Նախապես աղավնիները պետք է կարողանային նվազագույն թվից մինչև ամենաբարձրը դասավորել նկարները: Գիտնականները ապացուցել են, որ աղավնիները կարող են հաշվել մինչև երեքը: Այնուհետև, առանց որևէ կոնկրետ վարժությունների և կերի տեսքով պարգևատրումների, աղավնիները կարողացել են նաև հաշվել մինչև ինը՝ 70 տոկոս ճշգրտությամբ:








































