Րոպեներ առաջ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։
Օրինագծով նախատեսվում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքողներին պատժել մեկ տարի ազատազրկմամբ ու 45,000 եվրո գումարով։
Օրինագիծը 2012թ. մարտին կքննարկվի Վերին պալատում՝ Սենատում։
Նախագծի օգտին քվեարկեց նիստին ներկա շուրջ 50 պատգամավորների ճնշող մեծամասնությունը, դեմ էին մոտ կես տասնյակ պատգամավորներ։
Բանախոսներից շատերը հուզված էին և իրենց ելույթներով պաշտպանում էին օրինագիծը։ Նրանցից շատերը` «Միավորում հանուն ժողովրդական շարժման» (UMP) իշխող կուսակցության ներկայացուցիչ Ռենե Մյուզելիեն, Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ռենե Ռուքեն, ինչպես նաև Ֆրանսուա Ռոշբլուանը ուրիշներ երկար տարիներ պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
Ելույթ ունեցող պատգամավորները միաբերան շեշտեցին Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը` շեշտելով, որ նրա ժխտումը թույլատրել` կնշանակեր երկրորդ անգամ սպանել զոհերին։
Ապա բանախոսները հերքեցին օրինագծի ընդունման նախընտրական նկատառումները, որպես ապացույց բերելով այն փաստը, որ նախագծի օգտին պատրաստվում էր քվեարկել նաև ընդդիմությունը։
Ֆրանսիացի խորհրդարանականները դիմեցին Թուրքիայի հանրապետությանը Հայոց ցեղասպանությունը ընդունելու կոչով: Նրանց պատգամն էր՝ պետք է ընդունել անցյալը` ապագան կառուցելու համար։








































