Ռուսական Regnum լրատվական գործակալութան փոխանցմամբ, թուրքական Zaman թերթը սենսացիոն տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի դեռևս այս տարվա սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում Թուրքիան և այսպես կոչված՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը (ՀԿԹՀ) գաղտնի համաձայնագիր են ստորագրել։
Այդ համաձայնագրով նախատեսվում է բաժանել մայրցամաքային շելֆը և ափամերձ գոտում համատեղ իրականացնել գազային ու նավթային հանքավայրերի հետախուզման աշխատանքներ։ Կիպրոսի շելֆի հորատման աշխատանքները պետք է մեկնարկեին կղզու հյուսիսարևելյան ծովափնյա հատվածում։
ՀԿԹՀ-ի կառավարությունը հետախուզական աշխատանքների արտոնագիր է տրամադրել թուրքական Turkish Petroleum Corporation ընկերությանը։ Այս փաստաթուղթը հույժ գաղտնի է։ Դրա պատճառն այն է, որ ՀԿԹՀ-ին չի ճանաչել աշխարհի և ոչ մի պետություն, բացի Թուրքիայից։
Դրա համար էլ ՀԿԹՀ-ն իրավունք չուներ կղզու ցանկացած հատվածում և մերձակա տարածքային ջրերում բնական պաշարների հետախուզման կամ արդյունահանման ցանկացած տիպի արտոնագիր տրամադրել։ Այս դրույթի խախտումը նշանակում է, որ Անկարան պարզապես թալանում է Կիպրոսի Հանրապետությունը՝ օգտվելով նրանից, որ ապօրինաբար վերահսկում է կղզու մի մասը։
Հիշեցնենք, որ կիպրական խնդիրը շարունակում է չլուծված մնալ 1974 թվականից, երբ այնտեղ ներխուժեցին թուրքական զորքերն ու գրավեցին Կիպրոսի տարածքի 37 տոկոսը (3355 քառակուսի կիլոմետր), ինչը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»:










































