Իսրայելում պաշտոնապես հայտարարվել է, որ երկիրը չունի ռմբակոծություններից պաշտպանվելու բավականաչափ ապաստարաններ և պատերազմական գործողությունների դեպքում պատրաստ չէ բնակիչներին պաշտպանել:
Երկրի պատերազմական պատրաստվածությունը ստուգող գործակալության տարեկան զեկույցը, որի մի մասը հրապարակվել է այսօր, հայտնում է, որ Իսրայելը դաս չի քաղել 2006 թվականի Լիբանանի պատերազմից, որի ժամանակ տասնյակ իսրայելցի քաղաքացիներ են զոհվել:
Զեկույցում ռազմական պատրաստվածության մեջ մեծ բացթողումների համար մեղադրվում են պետական մարմինները` ներառյալ ներքին գործերի նախարարությունը: Զեկույցում ասվում է, որ կառավարությունը չի կատարում իր վրա դրված պատասխանատվությունը և չի ներդնում համապատասխան ջանքեր ու գումարներ՝ պատերազմական պատրաստվածությունը բարելավելու համար:
Associated Press-ը հայտնում է, որ ռմբակոծություններից պաշտպանվելու համար դպրոցներում և հասարակական վայրերում ապաստարաններ չկան, ինչը վտանգավոր է հարյուր հազարավոր իսրայելցիների համար:








































