Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում, որտեղ այսօր տեղի է ունեցել նավթագործների բազմահազարանոց ցույց, սպանվել է ավելի քան 20 մարդ: Այս մասին հաղորդում է grani.ru-ն՝ հղում անելով Socialismkz.info կայքին: Կայքը գրում է, որ ցույցի ամենաթեժ պահին ամբոխի մեջ է մտել ոստիկանական մեքենա, ինչն ավելի է վրդովել ցուցարարներին: Զայրացած ամբոխը շրջել է ոստիկանական մեքենան, ապա այրել ոստիկանական ավտոբուսը:
Դրանից հետո ոստիկանները դուրս են եկել ցուցարարնրեի միջից, և հրապարակ են մտել ներքին զորքերը ու կրակ բացել ցուցարարների վրա: Քաղաքում այրվում է տեղական ինքնակառավարման շենքը, անջատված է համացանցը, լուրջ խափանումներ են առաջացել բջջային կապում: Ալմաթիի կենտրոնում նույնպես տեղակայվել են ներքին զորքեր և ոստիկաններ:
Առաջիկա ժամերին Եվրախորհրդարանի պատգամավոր Փոլ Մերֆին մամուլի ասուլիս կտա Ղազախստանի իրավիճակի վերաբերյալ: Բացի այդ, Եվրախորհրդարանի մի խումբ ձախ պատգամավորներ պատրաստվում են պաշտոնապես կապվել Ալմաթիի հետ և պահանջել իշխանություններից անմիջապես դադարեցնել ճնշումներն ու արյունահեղությունը:
Այսօր ժանաոզենում երկրի անկախությանը նվիրված միջոցառումը վերածվել է նավթագործների բողոքի ցույցի, որոնց միացել են մյուս քաղաքացիները:
Ղազախստանում նավթագործների գործադուլը սկսվել էր դեռ հունիսն: Աշխատողները պահանջում են բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց աշխատանքի համար և բարձրացնել աշխատավարձերը: Գործադուլների հետևանքով 2500 մարդ հեռացվել է աշխատանքից:







































