Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը կտրուկ դատապարտում է ադրբեջանցի գրող և հրապարակախոս Ռաֆիկ Թագիի սպանությունը։ Այս մասին ասվում է երեկ Եվրախորհրդարանի ընդունած մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևում։
Բանաձևում ողջունվում է Թագիի սպանության հետաքննման կապակցությամբ հատուկ աշխատանքային խմբի ձևավորումը, նաև կոչ է արվում մանրամասն և արդյունավետ հետաքննություն անցկացնել ու հայտնաբերել պատասխանատուներին։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 19-ին անհայտ անձինք մոտեցել էին Թագիին և դանակի 4 հարված հասցրել նրա թիկունքին ու պարանոցին։ Դրանից 4 օր անց Թագին մահացել էր հիվանդանոցում։
Ի դեպ, Թագին Էլմար Հուսեյնովից հետո դարձավ իր մասնագիտական գործունեության համար Ադրբեջանում սպանված երկրորդ լրագրողը։







































