1912թ. այս օրը Հովհաննես Թումանյանի նախագահությամբ Թիֆլիսում կազմակերպվեց հայ գրողների Կովկասյան ընկերությունը:
Հայ գրողների կովկասյան ընկերությունը` Հայ գրողների ընկերություն, Կովկասի հայոց գրական ընկերություն, հիմնվել է 1912-ի հոկտեմբերի 3-ին, Թիֆլիսում։
Ընկերության անդամ կարող էին լինել հայ գրականության, գիտության ու լրագրության ասպարեզներում աշխատողները։ Նպատակն էր՝ գրական ֆոնդի ստեղծումով նյութական օժանդակություն ցույց տալ ընկերության անդամներին, պաշտպանել նրանց հեղինակային իրավունքները, մասնակցել հայ և համաշխարհային գրական-հասարակական կյանքի նշանակալի իրադարձություններին։
Ընկերության ջանքերով ու միջոցներով 1914-ին Թիֆլիսի Ս․ Գևորգ եկեղեցու գավթում կանգնեցվել է Սայաթ-Նովայի մահարձանը, վերահրատարակվել նրա ստեղծագործությունների ժողովածուն։ Ընկերությունը գոյատևել է մինչև 1921-ը։ Ստեղծման օրից նրա վարչության նախագահն է եղել Հովհաննես Թումանյանը։ Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ընկերությունը վերակազմվել է և կոչվել Հայ գրչի մշակների միություն։








































