«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու, վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
– Պարոն Մարկեդոնով, եթե Ռուսաստանի վերջին իրադարձություններին նայենք փորձագետի աչքերով, ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը, ռուսաստանյան հասարակությունը անցե՞լ է անշրջելիության կետը:
– Ո՛չ իհարկե, բայց պետք է խոսել այն մասին, որ իրավիճակ է փոխվել: Այն, ինչ որ մենք տեսել ենք, կարելի է հետևյալ թեզիսներով բնորոշել: Առաջինը` «Եդինայա Ռոսիայի» աջակցության արդյունքները նվազել են առաջին անգամ վերջին տասը տարիների ընթացքում: Եթե մենք համեմատենք 2003-ի և 2007-ի ընտրությունների տվյալների հետ, ապա վերջին ընտրություններին 50 տոկոսից պակաս էր վստահությունը «Եդինայա Ռոսիայի» նկատմամբ: Պետք է նաև նկատել, որ ադմինիստրատիվ ռեսուրսն է օգտագործվել, հիմա չեմ խոսում ընտրակեղծիքների խնդրի մասին, այդ հարցով մասնագետ չեմ, բայց ես տեսնում եմ իրողությունը` ադմինիստրատիվ ճնշումը, տեղեկատվական դաշտում միայն մեկ տեսակետի գերիշխանությունը, և այդ պայմաններում անգամ` 50 տոկոսից պակաս վստահություն` գումարած բողոքի խոշոր ակցիաներ: Բողոքի ակցիաները, որոնք տեղի էին ունենում Բոլոտնայա հրապարակում, վերջին տասը տարիներին չեն եղել: Կարող ենք ամրագրել, որ այն օրակարգը, որ ռուսաստանյան հասարակությանը առաջարկում էին 1999-2000 թթ.` որոշակիորեն իրեն սպառել է, հետո` դա ամենայն հավանականությամբ իրեն սպառել է ոչ միայն ՌԴ-ում, այլև ՌԴ-ի արբանյակ երկրներում, օրինակ` Հարավային Օսեթիայում, որտեղ Կրեմլի թեկնածուն չանցավ, կամ Մերձդնեստրում, որտեղ Կրեմլի բազմամյա դաշնակիցը` Իգոր Սմիռնովը, և նոր դաշնակիցը` Անատոլի Կամինսկին, չհաղթեցին: Այսինքն` արբանյակ երկրները ևս ցույց տվեցին ներկա իրավիճակը: 1999-2000 թթ. լոզունգը կայունությունն էր, որը պետք է հասարակությանը պաշտպաներ ինչ-որ ցնցումներից, բայց եթե դա դրական էր Դաղստանի կամ Չեչնիայի պարագայում, ապա այն այսօր այնքան էլ ընկալելի չէ: Ասինքն` այն ժամանակ մարդիկ պատրաստ էին դա ընդունել, այսօր արդեն` ոչ: Իհարկե, հարյուր տոկոսով չեն մերժում, այլ այդ օրակարգը էրոզիա է ապրում: Իշխանությունները դա չեն զգում, փորձում են ողջ հռետորաբանությամբ ցույց տալ, թե այդ օրակարգն են իրականացնելու, բայց դրա իրականացման ճանապարհին այսօր խնդիրներ կան:
– Մոսկվայի բազմամարդ հանրահավաքները, որոնք Ռուսաստանը երևի 1990-ականների սկզբից ի վեր չէր տեսել, և ընդհանուր իրավիճակը կարելի՞ է գնահատել որպես մի գործընթաց, որը պուտինիզմը` որպես համակարգ, հարվածի տակ է դնում նախագահական ընտրություններից առաջ:
– Ես չէի ասի, թե 1990-ականներից ի վեր նման հանրահավաքներ չեն եղել, պետք է հիշել, որ 1990-ականների սկզբին ևս եղել են հզոր հանրահավաքներ, Կոմունիստական կուսակցության հանրահավաքներին մեծ բազմություն էր հավաքվում, ուստի ես կասեի, որ վերջին տասը տարիներին նման ակցիաներ չէին եղել: Այո՛, պուտինիզմը` որպես համակարգ, դրվում է կասկածի տակ, բայց հարցն այն է, թե ով է դնում դա կասկածի տակ. սա նույնպես կարևոր հարց է: Մենք տեսնում ենք, որ ակցիաները մեծ թվով մարդկանց հավաքեց Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, սակայն մյուս քաղաքներում նվազ ազդեցիկ էին, և տարբեր ուժեր տարբեր կերպ են դրան վերաբերվում:
Ես կասեի հետևյալ կերպ` պուտինիզմը հիմա արդեն չի ընկալվում այնպես ուժգին, ինչպես հասարակության այն խմբերի մեջ, որոնք զարգացման կողմնակից են: Դա նախևառաջ բիզնեսն է, որը տուժում է «օտկատից» և կոռուպցիայից, մտավորականությունը, բայց սա նեղ շրջանակ է: Մեծ մասը բյուջետային ծառայողներն են, որոնք կախվածության մեջ են պետությունից, նրանք վախենում են ձեռք տալ պուտինիզմին: Այնուամենայնիվ, բյուջետային ծառայողները համակերպվել են ստանալ այդ ստաբիլ աշխատավարձը, ռուսները օգտագործում են մի այսպիսի ձևակերպում` зрплата, այլ ոչ թե`зарплата: Ասել է թե` այդ կայուն зрплата-ն ստանալով` նրանք իհարկե պուտինիզմը չեն տա ոչ մեկի, դա նրանց միանգամայն դուր է գալիս… Այսինքն` Պուտինի համակարգը մի համակարգ է, որտեղ պատասխանատվություն չկա, և դրա համար էլ պուտինիզմը հասարակության մի ստվար զանգված չի ընդունում: Այդ իսկ պատճառով ես չէի ասի, թե վերջին իրադարձությունները պուտինիզմի փլուզում է, ես դա կանվանեի մարտահրավեր, որի հետ իշխանությունները պետք է հաշվի նստեն, իսկ եթե հաշվի չնստեն` նրա առջև այդ մարտահրավերը կդրվի:
– Մեծ գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրների ավտորիտար ռեժիմները սերտորեն ասոցացվում են Պուտինի համակարգի հետ: Ինչպե՞ս կարող են ռուսաստանյան հասարակական տրամադրությունները ազդել հետխորհրդային պետությունների քաղաքական-հասարակական տրամադրությունների վրա:
– Ռուսաստանյան տրամադրությունները մեծ ազդեցություն կունենան, քանի որ Մոսկվայի` մեծ եղբոր բարդույթը, միևնույն է, մնացել է, ընդ որում` ոչ միայն Մոսկվայում, այլև հետխորհրդային երկրներում, որտեղ Մոսկվայի փորձը ընկալվում է նմանակելու տեսանկյունից: Ես հետխորհրդային երկրների այդ ռեժիմներին, բացառությամբ Կենտրոնական Ասիայի ավտորիտար երկրները, կանվանեի հիբրիդային ռեժիմներ, ժողովրդավարության որոշ տարրերով` արտաքին աշխարհի համար, բայց որոշակի ավտորիտար տարրերով` հիբրիդային ռեժիմներ: Ինչպե՞ս կարող են ազդել ռուսաստանյան զարգացումները… Շատ պարզ. դիտարկենք Հարավային Օսեթիան: ՌԴ իշխանությունները վախենում են ցնցումներից, այդ իսկ պատճառով չեն կարող օբյեկտիվ դատավոր լինել Հարավային Օսեթիայի վեճերում: Եթե Մոսկվան չունենար այդ հիբրիդային բնութագիրը, երևի կկարողանար ավելի արդյունավետ միջամտություն ցուցաբերել և իր տեղը դնել օրինախախտներին: Այս առումով, ռուսաստանյան տրամադրությունները կարող են ազդեցություն ունենալ: Ամեն դեպքում, ցանկացած զարգացում բազմազանություն և հակասություններ է ենթադրում, իսկ իշխանությունը սա չհասկանալով` կարող է Խորհրդային Միության, մյուս հիբրիդային, կիսաավտորիտար, կիսաժողովրդավարական միավորների սխալները կրկնել. չէ՞ որ կայունությունը միայն լավ է գերեզմանոցներում, որտեղ պարբերաբար արձաններ են դրվում, ներկում են, այսինքն` ինչ-որ շարժ կա, բայց այդ կայունության մեջ մենք մի շատ կարևոր բան ենք բաց թողել` զարգացում, որը ենթադրում է նաև հակասություններ:








































