Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ 2012 թվականին Թուրքիայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ։
Այդ պլանում նա օրինակ է բերել այս տարվա հունիսի 12-ին խորհրդարանական ընտրությունների կայացումը, ինչը նշանակում է, որ դրանց վրա ազդել են 2007 թվականին իրականացված սահմանադրական ուղղումները, որոնցով խորհրդարանականների լիազորության ժամկետը կրճատվել էր մեկ տարով՝ 5-ից իջեցվելով 4 տարվա։
Եվ քանի որ 2007 թվականին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, ուստիև դրանցից 4 տարի անց՝ այս տարի, նշանակվեցին և անցկացվեցին նոր խորհրդարանական ընտրություններ։
Քըլըչդարօղլուն հիշեցրել է, որ 2007 թվականի նույն սահմանադրական ուղղումներով կրճատվել էին նաև նախագահի լիազորությունների ժամկետը՝ 7-ից իջեցվելով 5 տարվա (վերընտրվելու հնարավորությամբ), որին այսուհետ պետք է ընտրի ժողովուրդը։ Մինչդեռ մինչ այդ Թուրքիայի նախագահը խորհրդարանի կողմից ընտրվում էր 7 տարի ժամկետով և չէր կարող վերընտրվել։
Ելնելով այս ամենից՝ Քըլըչդարօղլուն զարմանք է արտահայտում, որ 2007 թվականի այդ ուղղումներն արդեն իսկ ազդել են խորհրդարանական ընտրությունների վրա, ինչը չի կարելի ասել նախագահական ընտրությունների պարագայում։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) պնդում է, որ Աբդուլլահ Գյուլը 2007 թվականին Թուրքիայի նախագահ է ընտրվել 7-ամյա ժամկետով և պաշտոնավարելու է մինչև 2014 թվականը։
Քըլըչդարօղլուն համաձայն չէ դրա հետ և պահանջում է 2012 թվականին (երբ կլրանա Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման 5-ամյակը) անցկացնել նոր նախագահական ընտրություններ։ Նա նաև դեմ է նախագահի՝ ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությանը՝ համարելով, որ դա հակաժողովրդավարական է։









































