ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 306 բանաձևը, որով ամերիկացի օրենսդիրները Թուրքիայի իշխանություններին կոչ են անում վերադարձնել հայկական, հունական և ասորական եկեղեցիներից բռնագրավված ունեցվածքը, որքան էլ իրավական հետևանքներ չունենա, այնուամենայնիվ, հարցի առնչությամբ ամերիկյան կողմի ուրույն տեսակետն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Այս բանաձևն ԱՄՆ կողմից բավական հետաքրքիր մոտեցում էր, որով նա բավարարում է թե՛ հայ լոբբիստների պահանջները՝ ճնշումներ գործադրելով թուրքերի վրա, թե՛ միաժամանակ չօգտագործելով «ցեղասպանություն» բառը՝ դրանով իսկ հարված չհասցնելով թուրք-ամերիկյան շահերին: Սա մի բանաձև է, որը ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հնարավոր է հիշատակի իր ամենամյա ուղերձում՝ ասելով՝ «դե բանաձևն էլ ընդունեցինք, էլ ինչ եք ինձնից ուզում»: Մյուս հանգամանքն այն է, որ ամերիկացի պաշտոնյաները հարկ եղած դեպքում այս բանաձևը կկարողանան գործածել որպես թուրքերի վրա ներազդելու լրացուցիչ լծակ: Սրանք, միաժամանակ, ավելի շուտ բարոյական լծակներ են, քան պարտադիր ճնշումներ»,- ամփոփեց թուրքագետը:
Նշենք, որ թիվ 306 բանաձևը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկության էր դրել այսօր: Բանաձևն ընդունվել է: Այն պաշտոնական Անկարային հորդորում է վերջ տալ կրոնական խտրականությանը, երկրի կրոնական փոքրամասնություններին թույլատրել առանց սահմանափակման պատարագներ մատուցել ու այլ կրոնական ծեսեր անցկացնել:
Հիշեցնենք, որ քվեարկությունից մի քանի ժամ առաջ թուրքամետ կոնգրեսականները փորձել են արգելափակել բանաձևը, սակայն` անհաջող։
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևն ընդդեմ Թուրքիայի անարդար է և անհիմն։








































