Ամերիկյան Time ամսագիրը տարվա մարդ է ընտրել աբստրակտ «ցուցարարին»: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքը:
Անցնող տարին նշանավորվեց ամբողջ աշխարհում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներով: Ամսագիրը հիշեցնում է բարեփոխումների և ժողովրդավարական ազատությունների համար պայքարող «Արաբական գարնան», ֆինանսական էլիտայի դեմ հանդես եկող «Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիայի մասնակիցներին, ինչպես նաև Պետդումայի ընտրությունների կեղծումների դեմ բողոքող ռուսներին:
Նման ձևով ամսագիրը նշել է Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում բռնկված բողոքի ակցիաների ներկայացուցիչներին:
Վարկանիշային աղյուսակը կազմողները համոզված են, որ քաղաքական և տնտեսական դրությունից դժգոհող քաղաքացիները էական ազդեցություն են գործում գլոբալ գործընթացների վրա՝ փոխելով դրանք դեպի լավը:
Անցյալ տարի Time-ը տարվա մարդ է ճանաչել Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:
Ավանդաբար Time ամսագիրն իր վերջին համարում ընտրում է տարվա մարդ՝ հաշվի առնելով անցնող տարում նրա ունեցած ազդեցությունը:
Ավելի վաղ տարվա մարդ են ճանաչվել Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը, Ջորջ Բուշը, Վլադիմիր Պուտինը և «համացանցի օգտատերը»:










































