Թուրքական Star թերթը ներկայացրել է Թուրքիայի սիրիական պլանը։ Դրանով նախատեսվում է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին երկրի ներսում զրկել համակիրներից և թողնել միայնակ։
Նշվում է, որ Սիրիայում բնակվող էթնիկ և կրոնական փոքրամասնությունները (քրիստոնյաներ, քրդեր, թուրքմեններ, դրուզներ, ալավիներ) անհանգստացած են, որ Ասադի ռեժիմի տապալումից հետո չեն պահպանվի իրենց իրավունքները, և իրենք կենթարկվեն հալածանքների։
Թուրքական պլանով նախատեսվում է, որ Անկարան առաջիկայում հանդիպումներ է ունենալու Սիրիայի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, որոնց վստահեցնելու է, որ հետասադյան ժամանակաշրջանում ստեղծվելիք նոր համակարգը կերաշխավորի նրանց անվտանգությունը։
Նշվում է, որ ներկայումս Սիրիայի բնակչությունը կազմում է 22.5 միլիոն մարդ, որի 74 տոկոսը սուննի է, իսկ 16 տոկոսը՝ ալավի և դրուզ։ Քրիստոնյաները կազմում են բնակչության 10 տոկոսը։ Դամասկոսում և Հալեպում էլ առկա է փոքրաթիվ հրեական համայնք։







































