ԱՄՆ սենատորները հրաժարվել են հաստատել Մայքլ Մաքֆոլի նշանակումը ՌԴ դեսպան` վախենալով, որ նա Ռուսաստանին Եվրոպայում հակահրթիռայաին պաշտպանության համակարգերի մասին գաղտնի տվյալներ կփոխանցի:
Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը, խոսքը մասնավորապես վերաբերում է SM-3 կանխազարկ հրթիռների տվյալները Մոսկվային փոխանցելուն, որոնք Եվրոպայում դառնալու են հակահրթիռային պաշտպանության համակարգի հիմքը:
Սենատոր Մարկ Քիրքի խոսքերով՝ Մաքֆոլը Մոսկվային փոխանցելու էր տեղեկություն հրթիռի արագության մասին: Այս տվյալների հնարավոր փոխանցման մասին, ենթադրվում է, պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության գծով տեղակալ Էլեն Տոշերի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ: Նրա առաջարկին, սենատորների տվյալներով, աջակցել է հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն Պատրիկ Օ’Ռայլին:
Քիրքը Մաքֆոլին նամակ էր ուղարկել` խնդրելով հերքել կամ հաստատել Կրեմլի հետ գաղտնի բանակցությունների փաստը: Պատասխան նամակում Մաքֆոլը ընդունել է, որ Սպիտակ տունը հնարավոր է համարում Կրեմլին կանխազարկ հթրիռների վերաբերյալ որոշ տվյալների փոխանցումը, սակայն խոսքը հրթիռների հեռուստաչափության փոխանցման մասին չէ:
Վաշինգտոնի կարծիքով՝ SM-3 տվյալները Մոսկվային ապացուցելու են, որ հրթիռների արագությունը շատ փոքր է, որպեսզի վտանգ ներկայացնի ռուսական բալիստիկ հրթիռների համար:
Դեսպանի թեկնածուն նաև վստահեցրել է հանրապետականներին, որ հրթիռի արագության մասին տվյալների փոխանցումը վնաս չի հասցնի ԱՄՆ անվտանգությանը, քանի որ այդ տվյալները Ռուսաստանը կարող էր ինքնուրույն գտնել` ցամաքային, ծովային և տիերզերական հսկողության համակարգերի միջոցով:
Սենտորը Մաքֆոլի պատասխանը ընդունել է իբրև գաղտնի բանակցություններ վարելու փաստի վկայություն: Քիրքը և Պենտագոնի ևս ութ նախկին բարձրաստիճան պաշտանյաներ դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելով հետաձգել Մաքֆոլի նշանակումը ՌԴ դեսպան և վերանայել պետդեպարտամենտի՝ Ռուսաստանին գաղտնի տվյալներ փոխանցման նախաձեռնությունը:







































