«U-Customers Partner» ծրագրի շրջանակներում «Յունիբանկ» ՓԲԸ-ն` «Յուքոմ» ՍՊԸ-ի և «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի հետ համատեղ, իրականացնում է ակցիա, որի համաձայն` գործընկեր-կազմակերպությունների հաճախորդներին տրամադրում է կոբրենդինգային քարտեր` վարկային գծերով: «Յուքոմ» և «ՌԵՍՈ» ընկերություններն իրենց կողմից մատուցված ծառայություններից օգտվող հաճախորդներին կտրամադրեն լրացուցիչ արտոնություններ: Այսուհետ «Յուքոմ»-ի այն բաժանորդները, որոնք ձեռք են բերել «Յունիբանկի» ArCa Classic UNIBANK–UCOM կոբրենդինգային քարտը` U! Net Starter և Triple Play Classic ստանդարտ ինտերնետ փաթեթների առաջարկի հետ, որպես նվեր կստանան ևս 1 մբ/վ արագությամբ ինտերնետային կապ:
«Յուքոմ» ընկերությունը ArCa Classic UNIBANK–UCOM քարտապան հաճախորդներին հնարավորություն կընձեռի նաև մասնակցելու իր կողմից անցկացվող բոլոր խաղարկություններին և ակցիաներին:
ArCa Classic UNIBANK-RESO կոբրենդինգային քարտը ձեռք բերած «ՌԵՍՈ» ընկերության ապահովադիրներին կտրամադրվի 5% զեղչ` ապահովագրական բոլոր ծառայությունների համար, բացառությամբ ԱՊՊԱ տեսակի:
Կոբրենդինգային քարտերը «Յունիբանկը» կթողարկի հատուկ դիզայնով և հաճախորդների համար որպես նվեր` անվճար տարեկան սպասարկմամբ: Քարտերով տրամադրված վարկային միջոցները հաճախորդները կարող են օգտագործել սպառողական ցանկացած նպատակների համար:
ArCa Classic UNIBANK-RESO քարտ կարող են ձեռքբերել «ՌԵՍՈ» ընկերության հետ ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրության պայմանագրեր կնքած ֆիզիկական անձինք հետևյալ սահմանաչափերով.
-370 000 դրամ` 2005-2011 թթ. արտադրության ցամաքային տրանսպորտային միջոցների ապահովագրության պայմանագրի առկայության դեպքում,
-100 000 դրամ` 2005-2008 թթ. ռուսական արտադրության ավտոտրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագրի առկայության դեպքում,
-200 000 դրամ` 2008-2011 թթ. ռուսական և 2005-2011 թթ. այլ արտասահմանյան արտադրության ավտոտրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագրի առկայության դեպքում:
ArCa Classic UNIBANK–UCOM քարտի սահմանաչափը կազմում է`
-400 հազար դրամ, եթե բաժանորդն օգտվում է «Յուքոմ»-ի կորպորատիվ սակագնային պլաններից,
-200 հազար դրամ, եթե բաժանորդն ընկերության ծառայություններից օգտվում է մեկ և ավելի տարի` ամսական վճարելով 10 հազար և ավելի դրամ,
-100 հազար դրամ, եթե անձն ընկերության բաժանորդ է մեկ տարուց պակաս ժամանակահատվածում և օգտվում է “Երեքը մեկում” ծառայությունների փաթեթից կամ ամսական վճարում է 10 հազար և ավելի դրամ:
Վարկավորման պարտադիր պայման է բացասական վարկային պատմության բացակայությունը: Հակառակ դեպքում հաճախորդին տրամադրվում է միայն կոբրենդինգային քարտ` առանց վարկային գծի:
ArCa Classic UNIBANK-RESO և ArCa Classic UNIBANK –UCOM քարտապաններին «Յունիբանկը» հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկում է բարձր տոկոսադրույք` 5 % տարեկան, և հնարավորություն է ընձեռում էապես կրճատելու առօրյա ծախսերը: Կոբրենդինգային քարտատերերը կընդգրկվեն այս տարվա դեկտեմբերի վերջին մեկնարկվող արտոնությունների ծրագրում, որի շրջանակներում գործընկեր-կազմակերպությունների լայն ցանցում գնումներ կատարելիս կարող են բոնուսներ կուտակել և օգտվել զեղչերից:
Առավել հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով «Յուքոմ» և «ՌԵՍՈ» ընկերությունների աշխատակիցներն իրենք կզանգահարեն ակցիայի պայմաններին համապատասխանող հաճախորդներին և կներկայացնեն քարտերի տրամադրման և հայտի լրացման կարգը: Քարտը պատրաստ լինելուն պես հաճախորդը կհրավիրվի «Յունիբանկ»: Քարտը ստանալիս հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ և վերոհիշյալ ընկերություններից որևիցե մեկի հետ կնքված պայմանագիր: Եթե հաճախորդը ցանկանում է նշված սահմանաչափերը գերազանցող գումար ստանալ, ապա նա պետք է ներկայացնի նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:
Քարտերի վարկային գիծը բացվում է 24 ամիս ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 22%, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Հաճախորդին տրվում է նաև վարկի տոկոսադրույքի մեկ տոկոսային կետով իջեցման հնարավորություն, եթե քարտապանը երկրորդ տարում «Յունիբանկում» UNIPAY քարտով ամսական իրականացնի առնվազն 5000 դրամի կոմունալ վճարումներ: UNIPAY քարտը հաճախորդներին տրամադրվում է անվճար և հնարավորություն է տալիս կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներն իրականացնել հաշված րոպեների ընթացքում:
Յունիբանկը քարտերի միջոցով տրամադրում է սպառողական վարկերի մեծ տեսականի` նախատեսված տեխնիկայի կամ կահույքի ձեռքբերման, զբոսաշրջության, վերանորոգման, գույքի ապահովագրության և այլ նպատակների համար: 2011 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 74,6 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 20 %-ով: Քարտերի ընդհանուր քանակում 55,6 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, իսկ 19 հազարը` ArCa քարտերը:
«Յուքոմ» ՍՊԸ-ն, համագործակցելով Ericsson հանրաճանաչ ընկերության հետ, առաջարկում է ժամանակակից հեռահաղորդակցության լավագույն լուծումներից մեկը` կառուցելով նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: Ընկերությունը մատչելի գներով առաջարկում է բարձր որակի արտասահմանյան և տեղական ալիքների լայն ընտրություն, գերարագ ինտերնետ, թվային հեռախոսակապ և այլ ծառայություններ:
«ՌԵՍՈ» ՓԲԸ-ն ակտիվների ծավալների մեծությամբ Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարներից է: Ընկերությունն իրականացնում է հաճախորդների տրանսպորտային, գույքային, առողջության և պատասխանատվության ապահովագրություն:








































