Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ավարտված Եվրամիության գագաթնաժողովը հիմք է դրել նոր Եվրոպայի ծնունդին:
Ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում Սարկոզին նշել է, որ նոր Եվրոպայի հիմքը կլինի եվրոգոտին, որում «առանցքային բառերը կլինեն տնտեսությունների, բյուժետային օրենքների և հարկային համակարգի կոնվերգենցիան»: Սարկոզիի խոսքերով՝ խաղասեղանին է դրված ամբողջ մայրցամաքի կայունության հարցը:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ 15 օրվա ընթացքում գագաթնաժողովի արդյունքները կձևակերպվեն ամբողջական փաստաթղթի տեսքով: Վերջնական նպատակն է մինչև մարտ սահմանել նոր ֆինանսական օրենքները:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բրյուսելում տեղի ունեցավ գագաթնաժողով, որի ժամանակ ԵՄ անդամ երկրների մեծամասնությունը համաձայնության եկավ ստորագրելու երկկողմ պայմանագրեր, որոնք հնարավորություն կտան բլոկի ներսում ֆինանսական կարգուկանոնը բարձրացնել նոր մակարդակի վրա:
Նիկոլա Սարկոզիի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջարկը մասնավորապես նախատեսում էր ազգային բյուջեները հաստատել Բրյուսելում և թույլ տալ Եվրահանձնաժողովին ավտոմատ կերպով տուգանել այն պետություններին, որոնց բյուջեի դեֆիցիտը գերազանցում է ՀՆԱ 3%-ը, իսկ առավելագույն պետպարտքը՝ ՀՆԱ 60%-ը:
Սակայն այս ամենին դեմ հանդես եկավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և հրաժարվեց մասնակցել Եվրոպայի նոր ֆինանսական կառույցի ստեղծմանը:








































