Լուսանկարիչ Ջուլիան Կոհենը որոշել է իր լուսանկարների միջոցով ցուցադրել, թե որքան ուժեղ, հզոր ու գեղեցիկ են շնաձկները:
Լուսանկարներն արվել են Հարավային Ավստրալիայի ափից ոչ հեռու գտնվող Նեպտուն կղզում: Լուսանկարիչը հատուկ վանդակի մեջ է եղել, որտեղից էլ նկարել է ձկանը։ Հենց այդ ժամանակ շնաձուկը հարձակվել է վանդակի վրա:
Կոհենն ասում է, որ գնացել էր այնտեղ շնաձկներին նկարելու, քանի որ ինքը կարծում է, որ նրանց սխալ ենք հասկանում. «Ես շնաձկներին լուսանկարել եմ նրանց հզոր ուժը ցույց տալու, այլ ոչ թե նրանց որպես խելագար մարդասպաններ ներկայացնելու համար»։
Mail Online-ը գրում է, որ իրականում այս ձկները չեն սիրում մարդկանց ուտել: Նրանք հիմնականում, որպես կերակուր, ընտրում են գեր, մեծ ծովափոկերի, այլ ոչ թե ոսկրոտ մարդկանց: Բայց շատ հաճախ նրանք խաբվում են՝ չճանաչելով իրենց զոհին: Եվ սրա ապացույցն այն է, որ շնաձկների կողմից մարդկանց վրա հարձակումները տեղի են ունենում խորը ջրերում, որտեղ մթության պատճառով դժվար է տեսնել զոհին:
Նշվում է նաև, որ հիմնականում շնաձկների հետ կապված պատահարները «փորձնական կծելու» դեպքեր են։ Այսինքն` մի «պատառից» շնաձուկը հասկանում է, թե արդյո՞ք արժե հարձակումը շարունակել, թե՝ ոչ:









































