Այսօր Ազգային Ժողովի հերթական նիստի ժամանակ պատգամավորների միջև վիճաբանություն ծավալվեց «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի շուրջ: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը օրինագիծը մի քանի անգամ դրեց քվեարկության՝ պատճառաբանելով, որ սարքավորումները լավ չեն աշխատում և պատգամավորները չեն կարողացել քվեարկել:
ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը հայտարարեց՝ «Ձեր համառ ջանքերը արդյունք չեն տալիս, երեկ էլ այս օրինագծի քվեարկության ժամանակ քվորում չապահովվեց», և առաջարկեց արձանագրել, որ հարցը չի անցել: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը միացավ այս առաջարկին՝ հիշեցնելով, որ նման դեպքեր նախկինում էլ են եղել, երբ որևէ օրինագիծ չի մերժվել:
Միջամտեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նշելով, որ ոչ մի խախտում չկա, և օրինագիծը պետք է դրվի քվեարկության:
Ս.Նիկոյանը պատճառաբեց, թե երեկ այս օրինագծի քվեարկությունն ընդհատվել էր և կրկին քվերակություն հայտարարեց: Արդյունքում որոշումն ընդունվեց 67 կողմ և 1 դեմ ձայներով: ՀՅԴ պատգամավորները բոյկոտեցին այն:
«Մենք ամրապնդեցինք այսօր, որ արդեն քվեարկությունները և որոշումների ընդունումը այսուհետ զոռով է: Անընդունելի է ԱԺ կանոնակարգի խախտմամբ նման օրենք ընդունելը»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը: