Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր Սիրիայի նկատմամբ 9 կետերից բաղկացած պատժամիջոցների սահմանման մասին։
Այսօր պաշտոնական Անկարան այդ պատժամիջոցների շրջանակներում սառեցրել է թուրքական բանկերում առկա սիրիական բանկերի ակտիվները։ Խոսքը գնում է 200 միլիոն թուրքական լիրայի (մոտ 110 միլիոն դոլար) մասին։
Այդ ակտիվները պատկանում են Սիրիայի Կենտրոնական և Արտաքին առևտրի բանկերին։ Սառեցված գումարները փոխանցվել են Սիրիայում թուրքական պետական ու մասնավոր ընկերություններին՝ աշխատավարձի վճարման ու կատարած ծախսերի փոխհատուցման տեսքով։ Սակայն դա արվել է այնպիսի եղանակով, որ այդ գումարն այլևս չվերադառնա Սիրիա։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի վերջին թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ թուրքական իշխանությունները որոշել են սառեցնել Թուրքիայում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի բանկային հաշիվները։ Խոսքը գնում էր 450-500 միլիոն դոլարի մասին։







































