Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության բնապահպան ակտիվիստները ներկայացրին իրենց մտավախությունները: Բնապահպան Լևոն Գալստյանը, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, ասաց, որ օրենքը պետք է հասկանալի լինի հասարակ քաղաքացուն:
«Մեր նախաձեռնությունը գրավոր տեսքով առաջարկներ չի ներկայացրել բնապահպանության նախարարությանը, մենք պահանջում ենք օրենքը ետ կանչել և կներկայացնենք մեր առաջարկները: Ես, որպես քաղաքացի, նայելով օրենքին` հասկանում եմ, որ ՊՈԱԿ-ը փորձաքննությանը կարող է դրական եզրակացություն տալ»,- նշեց Լ. Գալստյանը`հավելելով, որ լուրջ ռիսկեր է տեսնում. օրենքը պրոֆեսիոնալ կերպով կազմված չէ:
Համատեղ ասուլիսի ընթացքում ԲՆ ներկայացուցիչ Ազգանուշ Դռնոյանը ներկայացրեց արդեն ԱԺ երկրորդ ընթերցման համար նախատեսված օրինագծի նախագիծը`լրամշակված տարբերակով: Ըստ Ա. Դռնոյանի` օրենքը բարդ է, բոլոր ոլորտներն իր մեջ ներառում են բարդ ընթացակարգեր:
«Մենք բանավոր հնչեցված դիտողությունները հաշվի ենք առել: Դա ոչ միայն նախնական հոդվածում ենք հաշվի առել: Մի շարք սահմանային չափեր են հանվել: Օրենքը հնարավորինս տեղ է թողել հետագա մշակման համար»,- մեկնաբանեց Ա. Դռնոյանը:
«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամները օրինագծում փոփոխություններ կատարելու պատրաստակամությունը դրական գնահատեցին, սակայն համոզված չեն, որ դրանք կիրականացվեն:
«Ցավն այն է, որ այս ոլորտում ենք աշխատում, մի քանի դեպք է եղել, երբ մենք տրամադրվել էինք մեր առաջարկներով հանդես գալ, սակայն իմացել ենք, որ առաջին ընթերցմամբ արդեն անցել է օրինագիծը»,- նշեց Ա. Վերմիշյանը` դրական գնահատելով փոփոխություններ կատարելու պատրաստակամությունը: Բնապահպանության փորձագետը կարծում է, որ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Ըստ նրա` Հայաստանի բնությունը կաթվածահար վիճակում է, և այս ոլորտում խնդիրները պետք է լուծել ՀՀ նախագահի մակարդակով: Բնապահպանության ոլորտում առաջացած խնդիրներին վերջնական լուծում տալու նպատակով նրանք պահանջում են հանդիպում ՀՀ նախագահի հետ:








































