Ինչպես տեղեկացնում է «Белорусский партизан» կայքը, այսօր մի խումբ ուկրայինուհիներ, որոնք ներկայացնում են ուկրայինական Femen կանանց շարժումը, մերկացել են Կիևում Բելառուսի դեսպանատան դիմաց: Նրանք կոչ են արել առաջիկա ընտրությունների ժամանակ հեռացնել «Բատկային»:
Կանանց կազմակերպությունը կոչ է արել եղբայրական բելառուս ժողովրդին օգտվել այս առիթից և քշել նրան զբաղեցրած գահից: «Իշխանության սեփականաշնորհումը անթույլատրելի է ժամանակակից պայմաններում: Անձի պաշտամունքը Խորհրդային Միությունից մնացած վերապրուկ է, և դրա դադարեցնելը յուրաքանչյուր բելառուսի սուրբ գործն է»,- կարծում են շարժման ակտիվիստները:
Նրանք, բացի «Քշե՛ք բատկային» կոչից, հնչեցրել են նաև «Փնտե՛ք Օլեսյային» կոչը, որով նրանք բելառուսներին առաջարկում են ընտրել կին նախագահ:
Նշենք, որ սա առաջին անգամ չէ, որ Femen-ի ներկայացուցիչները մերկանում են: Այդ ակցիան նրանք իրականացրել են և՛ Ուկրաինայի վերջին նախագահական ընտրությունների ժամանակ, և՛ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում: Նրանց պաստառների վրա գրված էր. «Մենք չենք պատրաստվում քնել Կրեմլի գաճաճների հետ»: Դրանով նրանք բողոքում էին Կրեմլի ուկրայինական քաղաքականության դեմ և ակնարկում Պուտինի կարճ հասակը: