Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Դևոտչենկոն հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարվել այդ կոչումից և իր մյուս պետական պարգևներից ու մրցանակներից: Այս մասին նա գրում է իր բլոգում:
«Ես այլևս չեմ ցանկանում կրել «ՌԴ վաստակավոր արտիստ» հպարտ կոչումը, որը ստացել եմ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոյից: Բարեբախտաբար, ես անձամբ չեմ ստացել այդ խաղալիքը, քանի որ այդ օրը գնացել էի ամառանոց: Ինձ դա հետո են փոխանցել… Ես չեմ ցանկանում լինել ՌԴ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, որը ստացել եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից: Ամոթ է»,- գրել է Դևոտչենկոն:
«Ռեզոնանսային հարց է առաջանում,- շարունակում է նա,- ինչո՞ւ հենց հիմա ինձ մոտ տեղի ունեցավ այսպիսի փայլատակում: Կպատասխանեմ պարզ. վերջնականապես հոգնել եմ այս թագավորություն-պետությունից` իր ստով, օրինականացված թալանով, կաշառակերությամբ և այլ սխրանքներով… իսկ ամենակարևորը` իր ներկայացումները խաղալու անկարողությամբ»:
Ալեքսանդրյան թատրոնի դերասան Ալեքսեյ Դևոտչենկոն Պետերբուրգի Միավորված քաղաքացիական ճակատի անդամ է: 2010 թ. մարտի 10-ին նա դիմում էր հղել ռուսական ընդդիմությանը` «Պուտինը պետք է հեռանա» խորագրով:








































