ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը դրական է գնահատում պաշտոնյաների` թիկնազոր ունենալու մասին օրենքի նախագծի հստակեցման նախաձեռնությունը: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսում:
«Մեր հասարակության անդամները պետք է հասկանան, որ բոլորը հավասար են օրենքի առաջ: Օրենքի նախագիծը սահմանում է թիկնազորի անդամների քանակը. մեկ մեքենա` երեք անձով, ներառյալ վարորդը: Ուղեկցող մեքենան պետք է լինի տարբերանշանով, և պաշտոնապես պետք է հայտնվի, որ այսինչ մեքենան թիկնազորային ծառայություն է մատուցում:
Մարդիկ չպետք է շրջեն հինգ-վեց մեքենայով: Նախագիծը ներկայացնելիս մենք բավական լուրջ աշխատանք ենք տարել: Փորձում ենք լիակատար օրինագիծ ներկայացնել, քաղաքական կոնսենսուսի եկանք նաև ՀՅԴ-ի հետ: Այս նախագիծը կանխարգելիչ բնույթ է կրում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման օրենքի նախագիծը ողջունելի էր, բայց որ այն ուղղված էր լինելու մամուլի դեմ` միանշանակ է: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ նախագահ Վարդան Հարությունյանը:
«Լավ մշակված և կանխամտածված էր, և ով էլ այժմ կլոր աչքեր «սարքի», դա այդպես է: Մամուլը մեր երկրում պաշտպանված չէ: Հայաստանում հսկայական տույժեր` ամենատարբեր ոլորտներում, չպետք է լինեն: Մարդը պետք է պատժվի զրպարտության համար, բայց պետք է լինեն արդար դատարաններ: ՍԴ որոշումը «նե ռիբո, նե մյասո» տարբերակով էր: »,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ իր հերթին ավելացրեց` պատահական չէ, որ ՍԴ-ն օրինագիծը հակասահմանադրական չճանաչեց:
«Սա մի ոլորտ է, ուր պետք է գործի ինքնակարգավորման սկզբունքը: Պարզ է, որ մարդը պետք է հասկանա, թե որ դեպքում պետք է դիմի դատարան և վերականգնի իր արժանապատվությունը: Եթե ՍԴ-ի իրավական մեկնությանն ենք նայում, տեսնում ենք, որ նա ճիշտ ուղղորդում է տվել»,- նկատեց նա:







































