Հայաստանը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էկվադորը, Նիկարագուան, Վենեսուելան և Զամբիան դեմ են քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում Իրանին դատապարտող բանաձևին:
Իրանի հանդեպ ընդունված հերթական բանաձևը փաստացի նշանակում է, որ իրանական հարցում կա համաշխարհային քաղաքական կենտրոնների որոշակի կոնսենսուս: Իսկ դա էլ հիմք է տալիս ենթադրել, որ առաջիկայում գուցե հավանական է իրանական հարցում, այսպես ասած, սև-սպիտակի դասավորություն: Այսինքն` մի կողմում, այսպես ասած, միջազգային հանրությունն է, մյուս կողմում` Իրանն ու նրան համերաշխ մի քանի պետությունները: Դա առայժմ հիպոթետիկ, սակայն ոչ անհավանական տարբերակ է: Այդ դեպքում ինքնաբերաբար առաջանալու է Հայաստանի կողմնորոշման հարցը:
Ի՞նչ է անելու Հայաստանը, եթե հանկարծ առաջանա սև-սպիտակ դասավորություն: Երբ նման իրավիճակ է առաջանում երկրի ներսում, իշխանությունը գործի է դնում տարատեսակ մարգինալներին և ջանք չխնայելով լղոզում է դաշտը, որովհետև սև-սպիտակ հարաբերակցության պարագայում առաջանում է կոնկրետ պատասխանատվության հարց, ինչին Հայաստանի իշխանությունն ի զորու չէ թե՛ իր ոչ լեգիտիմ էության, թե՛ կրիմինալ բնույթի պատճառով: Հայաստանի իշխանության այդ էությունն ու բնույթը պատասխանատվության ինստիտուտ ենթադրում են միայն ներիշխանական հարաբերություններում, իսկ այդ շրջանակից դուրս Հայաստանի իշխանությունն ու պատասխանատվությունը գենետիկորեն անհամատեղելի հասկացություններ են: Մինչդեռ, եթե երկրի ներսում իշխանություններն ի զորու են լղոզել իրավիճակը, ապա միջազգային ասպարեզում այդ բանը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում անգամ նրանց ուժերից վեր է:
Պատրա՞ստ է, արդյոք, Հայաստանի իշխանությունը կրել իրանական խնդրի կապակցությամբ միջազգային պատասխանատվության իր մասը, և ավելին` Հայաստանը պատրա՞ստ է, արդյոք, ստանձնել, առաջարկել պատասխանատվության իր մասը, թե՞ պետք է սպասի, մինչև աշխարհը կասի, թե ինչի համար է Հայաստանը պատասխանատու Իրանի շուրջ սեղմվող օղակի հարցում: Թերևս հենց այդ ուղղությունն է, որ Հայաստանի իշխանությունից պահանջում էր և է նախաձեռնողականություն, քանի որ Իրանը Հայաստանի միակ հարևանն է, որի հետ հարաբերությունը կարծես թե բավական կանխատեսելի է և դրական:
Ու այստեղ է, որ Հայաստանը պետք է փորձի իր խոսքն ասել համաշխարհային քաղաքականության մեջ, իր ձայնը դարձնել լսելի: Բայց երևի թե Հայաստանի իշխանության նախաձեռնողականությունը պայմանավորվում է ոչ թե պետական շահով, այլ համաշխարհային քարոզչական ֆոնի պահանջարկով: Իսկ այդ տեսանկյունից մարկետինգային հաշվարկը պաշտոնական Երևանին թերևս հուշել է, որ համաշխարհային մեդիումում առավել պահանջված է հայ-թուրքական նախաձեռնողականությունը: Ու թերևս դա է պատճառը, որ առնվազն հրապարակային քաղաքականության տեսանկյունից, Իրանը Հայաստանի արտաքին «նախաձեռնողական» քաղաքականության ծիրում տարածաշրջանի երկրների շարքում վերջին երեք տարին հայտնվել էր վերջին տեղում:







































