«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա դրամահավաք-հեռուստամարաթոնն ԱՄՆ-ում առաջին անգամ կհեռարձակվի նաև ամերիկյան պետական հեռուստաալիքը:
«Այս տարի մենք հեռարձակելու ենք հեռուստամարաթոնը` վերջին 4 ժամը նաև ամերիկյան պետական հեռուստաալիքով, որը դիտում են մեծամասամբ ամերիկացիներ: Այսինքն` փորձելու ենք առաջին անգամ պատմության մեջ դիմել հենց ամերիկացիներին»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Նրա խոսքով`վերջին երկու տարիներին հեռուստամարաթոնին նախորդում էր ոչ միայն համաեվրոպական հեռախոսամարաթոնը, այլև մոսկովյան դրամահավաք-ճաշկերույթը:
«Դրամահավաք-ճաշկերույթն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, և այդ պատճառով հեռուստամարաթոնի ընթացքում և ավարտին հայտարարվելիք գումարը չի արտացոլելի ամբողջ տարվա արդյունքը: Ամբողջ տարվա արդյունքը մենք կհայտարարենք մոսկովյան ճաշից հետո»,- ասել է Ա.Վարդանյանը:
Վարդանյանի փոխանցմամբ` դրամահավաքի նախօրեին ակտիվություն ցուցաբերելու կոչով հանդես կգան ամերիկյան մի շարք սենատորներ և քաղաքապետեր:
Ղարաբաղյան բոլոր գերատեսչություններին ու գործարարներին ակտիվություն ցուցաբերելու կոչով արդեն դիմել է Լեռնային Ղարաբաղի կառավարության ղեկավարը:
Վերջին երկու տարիներին Ղարաբաղն ակտիվորեն մասնակցում է հիմնադրամի դրամահավաքներին:
Հիմնադրամի ղարաբաղյան ծրագրերի մեծ մասն իրականացվում է ԼՂ կառավարության համաֆինանսավորմամբ:








































