Այսօր Ուսանողների միջազգային օրն է: 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակել է Ուսանողության միջազգային օր:
Դրանից տարիներ առաջ՝ 1939 թվականի հոկտեմբերի 28-ին, ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են եկել փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը, սակայն խաղաղ ցույցը ցրել են զավթիչները: Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվել է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը, ում հուղարկավորությունը վերածվել է բողոքի ակցիայի:
Նույն թվականի նոյեմբերի 17-ին զավթիչները շրջապատել են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվել և Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար է ուղարկվել: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվել են մինչև պատերազմի ավարտը: Ահա, այս պատմական իրողությամբ է պայմանավորված այսօրվա տոնը:
Տարբեր երկրներում արդեն ձևավորվել են տոնը նշելու ավանդույթներ, սակայն Հայաստանը Ուսանողության օրվա հետ կապված հատուկ ավանդույթներ չունի:










































