Իտալիայի 60 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Թուրինում և Պալերմոյում, այսօր բողոքի ցույցի են դուրս եկել ուսանողները` բողոքելով կառավարության տնտեսական քաղաքականության և հակաճգնաժամային միջոցառումների դեմ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, չնայած ցույցերը դեռ նոր են սկսվել, արդեն գրանցվել են ոստիկանության հետ բախման դեպքեր, որի հետևանքով վիրավորվել է երկու մարդ:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ` Միլանում փողոց է դուրս եկել ավելի քան 2500 մարդ, որոնք հավաքվել են առաջատար տնտեսական բուհի` Բոկկոնիի համալսարանի դիմաց, որը վերջին տարիներին ղեկավարում էր երկրի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտին:
Ուսանողները կրում են «Գրավենք փողոցները» («Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիայի համանմանությամբ) և «Մենք չենք վճարի ճգնաժամի համար» գրություններով պաստառներ:
Միլանյան Corriere della Sera թերթը գրում է, որ երիտասարդները իրենց ակցիայի համար պատահաբար չեն ընտրել նոյեմբերի 17-ը. 1939 թ. այս օրը Պրահայում սպանված ուսանողի հուղարկավորման արարողությունը վերածվեց ահռելի ցույցի, որի հետևանքով 1200 ուսանող ձերբակալվեց և ուղարկվեց համակենտրոնացման ճամբարներ:
Հռոմում ուսանողները պատրաստվում են հավաքվել Սենատի շենքի մոտ, որտեղ այսօր նոր վարչապետը պետք է ներկայացնի իր կառավարության ծրագիրը:
Բացի ցույցերից` Իտալիայի մի շարք քաղաքներում տեղի են ունենում հասարակական տրանսպորտի աշխատակիցների գործադուլներ:








































