Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը եգիպտական «Ալ-Յոմ» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի համար էական չէ իր հանդեպ Լոնդոնի որդեգրած ներկայիս դիրքորոշումը.
«Մեծ Բրիտանիան մշտապես ԱՄՆ-ի համակիրն է, և Օբամայի վարչակազմին նրա ցուցաբերած ներկայիս աջակցությունը մեզ համար նոր կամ անսովոր չէ։ 60 տարի շարունակ Մեծ Բրիտանիան գտնվում է ԱՄՆ-ի ազդեցության տակ»։
Ահմադինեժադն անդրադարձել է նաև Սիրիայի հարցին. «Բոլոր երկրները պետք է որոշակի ջանքեր գործադրեն հակամարտող կողմերի միջև փոխըմբռնման կայացման ուղղությամբ։ Կողմերը պետք է հարթեն բոլոր տարաձայնությունները և հանգեն համագործակցության։ Անընդունելի է երկրի ներքին գործերին արտաքին միջամտությունն ու հակամարտող կողմերին սպառազինություն մատակարարելը»։
Հիշեցնենք, որ երեկ բրիտանական The Daily Telegraph թերթը գրել էր, որ Իրանը բանակցություններ է վարում սիրիական ընդդիմության հետ։









































