Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների առաջնորդներն ու ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչները դիմել են այսօր Բաքու ժամանող ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին։
Նրանք Էշթոնի ուշադրությունը հրավիրել են Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի զգալի վատթարացման, ժողովրդավարական ազատությունների սահմանափակման, հանրահավաքների արգելման ու ազատ արտահայտվել ցանկացող անձանց նկատմամբ քրեական հալածանքներ կիրառելու վրա։
Ընդդիմադիրները հավելել են, որ դատական իշխանությունը, որը կախվածության մեջ է գործադիր իշխանությունից, վերածվել է բռնությունների իրականացման գործիքի։ Բացի այդ, ադրբեջանական ընդդիմության տարածած հայտարարության մեջ նշված է.
«Չնայած ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված Բաքվում ԵՄ-ի առաքելության ու մի շարք եվրոպական կառույցների հայատարարություններին՝ եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ ակտիվորեն համագործակցում են Ադրբեջանի իշխող ռեժիմի հետ՝ իրենց էներգետիկ շահերը վեր դասելով ժողովրդավարական արժեքներից, մարդու իրավունքներից ու օրենքի գերակայությունից։
Եվրոպական այդ երկրների ղեկավարները գովաբանում են Ադրբեջանի ղեկավարությանը, պետական պարգևներ են շնորհում՝ մոռանալով, որ այն Եվրոպայի միակ դինաստիական ռեժիմն է։ Այդ ամենը հիասթափություն է առաջացնում ադրբեջանական ժողովրդի մեջ և հակաարևմտյան տրամադրություններ է առաջ բերում»։
Հիշեցնենք, որ Ալիևների ընտանիքն Ադրբեջանը ղեկավարում է 1993 թվականից։ 2009 թվականին Իլհամ Ալիևը հանրաքվեի միջոցով առանց որևէ խնդրի վերացրեց երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու վրա դրված սահմանափակումը։
Սակայն «Արաբական գարուն»-ը լրջորեն խաթարել է Իլհամ Ալիևի հետագա նախագահական պլանները։ Այժմ խոսակցություններ են շրջանառվում, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար 2013 թվականին Ադրբեջանի նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևին փոխարինելու է նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, որը այդ ժամանակ կլինի երկրի վարչապետը։










































