Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 22-ից սկսած՝ ծանր օրեր են սպասվում Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), որի ճամբարները գտնվում են Հյուսիսային Իրաքում։
Դրա պատճառն այն է, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման պլանի շրջանակներում ամերիկյան Predator անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) բերվել են Ադանայի նահանգում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազա։
Այդ 4 ԱԹՍ-ներից 2-ի մոնտաժման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են, իսկ մյուս երկուսինն ավարտվելու են նոյեմբերի 22-ին, որից հետո դրանք պատրաստ կլինեն թռիչքներ գործելու։
Նշվում է, որ դրանք շատ կարևոր դեր են խաղալու PKK-ի դեմ պայքարում, որը սարսափում է ԱԹՍ-ներից. իսրայելական արտադրության Heron ԱԹՍ-ների համեմատ՝ Predator-ներն առավել խելացի ու արագ են։ Թիրախը հայտնաբերած և հրթիռներով զինված Predator-ը կարող է ինքնուրույն վճռել դրա ճակատագիրը։
Հիշեցնենք, որ թուրքական կողմն իրավունք չունի իր տարածքում տեղակայված ամերիկյան Predator ԱԹՍ-ներն օգտագործել երրորդ երկրի դեմ։







































