ՄԱԿ ԱԽ-ն կոչ է անում Լիբիային արագ վերացնել Մուամար Քադաֆիի վարչակարգից մնացած զենքերը: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ԱԽ անդամների կարծիքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է հայտնաբերել և վնասազերծել շարժական զենիթահրթիռային համակարգերը և քիմիական զենքի պահուստները:
Ինչպես նշվում է, նման տիպի զենքերը վտանգավոր են բնակչության համար: Ընկնելով ահաբեկչական կազմակերպությունների ձեռքը, դրանք կարող են կիրառվել որպես զանգվածային ահաբեկչություններ իրականացնելու գործիք:
ՄԱԿ ԱԽ անդամների կողմից ընդունված բանաձևում նշվում է, որ Լիբիայի կառավարությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի բոլոր տեսակի զինամթերքի, մասնավորապես լիբիական շարժական զենիթահրթիռային համակարգերի՝ տարածաշրջանի երկրներում տարածումը կանխելու համար:
Փաստաթղթում նշվում, է, որ զինաթափման գործընթացի ուշացումը կարող է «վառելք հանդիսանալ ահաբեկչական գործողությունների» համար և նոր զոհերի հանգեցնել:
Լիբիայում քաղաքացիական պատերազմից առաջ Մուամար Քադաֆիի բանակի զինանոցում հաշվվում էր մինչև 20 հազար շարժական զենիթա-հրթիռային համակարգ: Բացի այդ համակարգերից, նոր իշխանություններին ժառանգություն է մնացել 12 տոննա մանանեխ կամ «գազային մանանեխ», բայց, փորձագետների կարծիքով, դա չնչին վտանգ է ներկայացնում, քանի որ երկար ժամանակ պահելուց հետո այն ինքնաբերաբար կորցնում է իր հատկությունները:








































