«Ամեն մեկը լսում է այն, ինչ ուզում է լսի, և մեկնաբանությունները տարբեր են, փաստերը՝ նույնը: Հարց է, թե ում է ուղղված վարչապետի մեսիջը: Չնայած որոշակի մեկնաբանությունների, մեսիջն ուղղված է եղել այն ուժերին, որոնք փորձում են ոչ կառուցողական հանդես գալ քաղաքական դաշտում: Ըստ էության՝ դա ուղղված է եղել ոչ կոալիցիոն գործընկերներին»,- այսօր ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, թե «ով ՀՀԿ-ի հետ չլինի, «կհայտնվի կոտրած տաշտակի առջև»:
Ա. Մարգարովը վերաձևակերպեց «մեզ հետ չես` մեր դեմ ես» արտահայտությունը, և «ով մեր դեմ չի` մեզ հետ է» արտահայտությունն անվանեց կոնստրուկտիվ:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը հարցադրում արեց, թե նախ ինչո՞ւ է կառավարության ղեկավարը խոսում նման հարցերի մասին. «Ոչ ոք չի հավատում, որ հնարավոր է արդար ընտրություններ անցկացվեն»: Նա նաև փաստեց, որ երկրում արդարադատության համակարգը նորմալ չի գործում:
«Բոլոր կուսակցություններն էլ շատ վաղուց որդեգրել են մի ուղի` այս կամ այն ձևով գործարքի մեջ մտնել իշխանության հետ»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ ընտրություններով չի որոշվում, թե ով է իշխելու երկրում. «Չեմ կարծում, որ որևէ երկրում վարչապետը նման բան ասեր և մնար պաշտոնին»:








































