«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության /SIDA/ աջակցությամբ «Խաչմերուկ բանավիճային ակումբ» ՀԿ֊-ի կողմից իրականացվել է «Գրագողությունը հայաստանյան բուհերում. ինչպե˚ս քանդել թնջուկը» ծրագիրը: Ծրագրի հետազոտող Տիգրան Մաթևոսյանն իր ելույթում նշեց, որ բուհերում ռեֆերատների, դիպլոմային աշխատանքների դեպքում տարածված է գրագողություն երևույթը, որն անտեսված, բայց ամենատարածված երևույթն է: Նրա խոսքերով`այս հետազոտությամբ փորձել ենք հասկանալ`որոնք են գրագողություն ծնող երևույթները․ դրանք են` երկրի կաշառակերությունը, գիտելիքի նկատմամբ հետաքրքրության համընդհանուր անկումը և այլն: Հետազոտության իրականացման համար կատարվել են քառասուն հարցազրույցներ տարբեր բուհերի դասախոսների հետ, ինչպես նաև աշխատանքներ են տարվել ուսանողական հինգ ֆոկուս խմբերի հետ:
Առհասարակ գրագողությունը հատկապես տարածված է ռեֆերատների դեպքում․ դասախոսների հետ զրույցում հնչել են կարծիքներ, որ աշխատանքների 80 տոկոսը գրագողություն կարելի է համարել՝ կամ յուրաքանչյուր կուրսում ինքնուրույն գրված 3-4 աշխատանք կարելի է տեսնել, կամ գրագողությունը համակարգային բնույթ ունի:
Կատարված հարցումների ժամանակ ուսանողները նշել են, որ իրենք ռեֆերատում սեփական կարծիք արտահայտելու հնարավորություն չունեն, քանի որ մեր բուհական համակարգում ռեֆերատը դիտվում է ոչ թե ուսանողի ինքնուրույն մտածելակերպը զարգացնող աշխատանք, այլ գիտելիքի պարզագույն վերարտադրության եղանակ: Դասախոսներից մեկը հարցազրույցի ժամանակ մի հետաքրքիր դիտարկում է արել. «Մեր կրթական համակարգը նման է մի իրավիճակի, երբ մենք ուսանողին առաջարկում ենք տասը տեսակի ճաշ և ասում` տասն էլ պիտի ուտես… Դրա փոխարեն լավ կլինի նրան ասենք` այս չորս ճաշը կեր, բայց երկու հատ ճաշ էլ դո՛ւ սարքիր…
Համալսարանն ավարտելուց հետո ուսանողը գնում է աշխատելու, ասում են՝ ճաշ սարքիր, նա պատասխանում է` ճիշտն ասած ՝ ես ճաշ ուտող եմ, սարքող չեմ»:
Գրագողության թնջուկը քանդելու համար, Տ. Մաթևոսյանի դիտարկմամբ, առաջին հերթին պետք է խթանել իրազեկության բարձրացմանը, ըստ որի՝ ուսանողը կտեղեկանա, որ գրագողությունը բացասական հետևանքներ ունի:
Առաջարկվեց առաջին կուրսեցիների համար գրագողության և դրա հետևանքների մասին դասընթացներ կազմակերպել, նաև կազմակերպել գրագողությունը դատապարտող և գիտական էթիկայի արժեքը գովաբանող PR միջոցառումներ: Պետք է լուրջ նախապատրաստական աշխատանքներ տանել բուհերում գիտական շարադրանքի մեթոդներին նվիրված դասընթացներ ներդնելու ուղղությամբ; Առաջարկվեց այս նպատակի իրականացման համար նախապատրաստել համապատասխան մասնագետների, որոնք իրենց հմտությունները կփոխանցեն ուսանողներին:








































