Պենտագոնը հինգ տարվա ընթացքում իր ծախսերը կկրճատի 260 միլիարդ դոլարով,- հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակարգը հայտարարել էր, որ մտադիր է տասը տարիների ընթացքում պաշտպանական ծախսերը կրճատել 450 միլիարդ դոլարով: Պենտագոնի ղեկավարությունը իր հերթին ասել է, որ պատրաստ է կրճատել բյուջեն, բայց կոնկրետ թիվը չի նշվում:
Պանետտայի խոսքերով՝ ծախսերի կրճատման վերջնական ծրագիրը դեռ պատրաստ չէ, նախարարությունը այն կներկայացնի 2012 թվականին՝ 2013 ֆինանսական տարվա բյուջետային նախագծի հետ միասին: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Պանետտան պարզաբանել է, որ ռազմական բյուջեի կրճատումը 450 միլիարդ դոլարով վտանգի տակ չի դնի ազգային անվտանգությունը, սակայն հետագա ծախսերի կրճատումը կհանգեցնի ամերիկյան զինուժի թուլացմանը: Ընդ որում, պահանջվող կրճատումների օրենսդիրները ստիպված կլինեն հրաժարվել նոր ռազմատեխնիկայի ստեղծման նախագծերից, ինչը, իր հերթին, կստիպի ամերիկյան ընկերություններին կրճատել իրենց աշխատակիցների թվաքականը:








































