Իրաքում ձերբակալվել են արգելված «Բաաս» կուսակցության 450 անդամներ, որոնք մեղադրվում են պետական հեղաշրջում ծրագրելու և ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու մեջ: Այս մասին հաղոորդում է «Al-Iraqia» հեռուստաալիքը:
2003 թ. Սադամ Հուսեյնի տապալումից հետո «Բաաս» կուսակցությունը համարվում է անօրինական: Նրա վերադարձը քաղաքական կյանք արգելվում է սահմանադրությամբ:
Հեռուստաալիքը հաղորդում է, որ ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ իշխանությունները «հավաստի տեղեկություն» են ստացել, որ ընդհատակում գործող «Բաաս» կուսակցությունը պատրաստվում էր՝ 2011թ. դեկտեմբերի 31-ին ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո ապակայունացնել իրադրությունը երկրում:
Երկրի փոխվարչապետ Ամեր Ալ Հիզնին հայտնել է, որ ձերբակալություններն իրականացվել են Բաղդադում, Բասրայում, Վասիտում, Քիրկուքում և մի շարք այլ քաղաքներում: Նա հայտնել է, որ նրանց կողմից ահաբեկչական գործողությունները շարունակվում են, հետևաբար «զոհի և դահիճի միջև հաշտություն չի կարող կնքվել»:









































