«Երկիր»-ի ունեցած տեղեկություններով` ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը վերջերս մի քանի անգամ խոսել է հրաժարական տալու իր պատրաստակամության մասին, սակայն այն բանից հետո, երբ նրա այս փորձերը մերժվել են ամենաբարձր մակարդակով, սկսել է լրջորեն հող նախապատրաստել իր պաշտոնանկության համար:
«Այս թեման սկսեց շոշափվել դեռ սեպտեմբերի վերջին, երբ կառավարության նիստում Գագիկ Խաչատրյանը բացահայտ ասաց, որ 2012-ի բյուջեի հարկային մուտքերը 101 մլրդով ավելացնելը, այն էլ՝ ճգնաժամային շրջանում, իրատեսական չէ, և կասկած հայտնեց, որ այդ հարկերը կհավաքվեն»,- ապա թերթը հավելում է.
«Իսկ օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով նույն 101 մլրդի խնդրին` նա հայտարարեց. «…Միգուցե 100 միլիարդ պետք չէ ավելացնել, միգուցե պետք է ավելացնել 200 միլիարդ: Որպեսզի հստակ լինի մեր դիրքորոշումը, համակարգը պատրաստ մտնի 2012 թվական, մեզ պետք է տնտեսության զարգացման կոնցեպտ…»: Փաստորեն, ՊԵԿ նախագահը բացահայտ հայտարարեց, որ մեր կառավարությունը տնտեսական հայեցակարգ չունի»:








































