Այսօր Ջավախքում տեղի է ունեցել Ախալքալակի գարեջրի գործարանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել Վրաստանի հանրապետության խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, խորհրդարանի փոխնախագահ Միխեիլ Մաչավարիանին, Հայաստանի Աժ փոխնախագահ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Հայկ Սանոսյանը և ուրիշներ:
Դիմելով ներկաներին` Սամվել Բալասանյանը կարևորել է Ջավախքում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը և հայտնել այդ ուղղությամբ ապագայում նախանշված այլ պլանների մասին ևս: Խոսելով սկզբնական շրջանում շուրջ 100 աշխատատեղ ապահովող գործարանի մասին` Սամվել Բալասանյանը խոստացել է իր հնարավորությունների չափով օժանդակել նորաբաց «ԲԱԼԼԻ» գարեջրի գործարանի արտադրաքի սպառմանը, մասնավորապես ցուցաբերել խորհրդատվական և այլ բնույթի աջակցություն գործարանի աշխատակազմին:
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի որոշմամբ Սամվել Բալասանյանը պարգևատրվեց Վրաստանի Պատվո շքանշանով, ինչը Սամվել Բալասանյանին հանձնվեց խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի կողմից:









































