Այսօր Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Եվրոպական միության մոդել 2011թ.» խորագրով խորհրդաժողովը` կազմակերպված AEGEE-Երևան Եվրոպական ուսանողների ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից: Նախագիծն իրենից ներկայացնում է քաղաքական մոդելավորում, որի թեման է «Եվրոպական միության հետագա ընդլայնումը»: Այն երիտասարդներին ներգրավելու է Եվրամիության որոշումների կայացման իրական կենսափորձի գործընթացի մեջ: Խորհրդաժողովի ընթացքում ԵՄ անդամ հադիսացող 27 պետությունների նախագահների, վարչապետների, ինչպես նաև մի շարք ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների դերերը ստանձնելու են երիտասարդները:
Խորհրդաժողովին մասնակցելու համար ընտրվել են 35 երիտասարդ՝ հանրապետության տարբեր մարզերից: Խորհրդաժողովից առաջ համապատասխան մասնագետների օգնությամբ և օժանդակությամբ երիտասարդները հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու Եվրոպական միության օրենսդրական ընթացակարգերը, ինչպես նաև ծանոթացել և հմտացել են եվրոպական ինտեգրացիայի և ընդլայնման քաղաքականություններին: Այս մոդելի նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությունը և բարելավել Եվրամիության մասին գիտելիքները երիտասարդության շրջանում:
Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները պետք է իրենց որոշումները կայացնեն ԵՄ անդամ երկրների ներկա քաղաքական ուժերի և ճնշումների համատեքստում`հաշվի առնելով իրենց ներկայացրած անդամ պետության ազգային շահերը: Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները նաև հնարավորություն կունենան զարգացնելու իրենց բանակցային և լեզվական հնարավորությունները: Խորհրդաժողովին իրենց բացման խոսքով հադես եկան ԵՄ պաշտոնյաների դերերը ստանձնած երիտասարդները, որից հետո պետք է անդամ պետությունների դերը ստանձնած երիտասարդները ներկայացնեն իրենց զեկույցները:








































