Մեծ Բրիտանիայի պետական նախարար, վարչապետ Դևիդ Քեմերոնի խորհրդական Օլիվեր Լետվինը պարբերաբար պետական կարևոր փաստաթղթերը նետել է աղբամանը: Այս մասին գրում է բրիտանական Тhe Daily Mirror պարբերականը, որի լրագրողները մի քանի անգամ լուսանկարել են Լետվինին փաստաթղթերը աղբամանի մեջ նետելիս:
Առաջին լուսանկարն արվել է սեպտեմբերի 7-ին: Լրագրողը հայտնել է, որ առավոտյան ժամը 7-ին նախարարը դուրս է եկել կառավարության շենքից, ձեռքին՝ թղթերի փաթեթ: Նա հեռախոսով խոսելով՝ աչքի է անցկացրել թղթերը, և մի քանի րոպե անց դրանք հայտնվել են աղբամանում:
Նույն գործողության վրա լրագրողները նախարարի «բռնացրել են» էլի մի քանի անգամ: Ընդ որում, թերթը գրում է, որ Լետվինն անգամ չի փորձել նետելուց առաջ պատռել փաստաթղթերը:
Այսպիսով, պարբերականի տրամադրության տակ հայտնվել է Մեծ Բրիտանիայի ներքին և արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտների վերաբերող ավելի քան 100 փաստաթուղթ: Դրանք հիմնականում կնքված էլեկտրոնային նամակներ են:
Մասնավորապես, դրանցից մեկում քննարկվում է Պակիստանում տիրող իրավիճակը, Մեծ Բրիտանիայի հնարավոր վտանգները «Ալ-Քաիդայի» և այլ խմբավորումների կողմից:
Լետվինի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ այդ փաստաթղթերը «մեծ կարևորություն չեն ներկայացնում»: Նրա խոսքով` նախարարը սովորություն ունի աշխատանքից առաջ աչքի անցկացնել նամակները և երբեմն անմիջապես ազատվում է դրանցից:
Ավելի վաղ Լետվինը կոչ էր անում բրիտանացիներին հատուկ ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգությանը և հետևել անձնական տվյալների գաղտնիությանը:
Օլիվեր Լետվինը Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն է:








































