«Մամելոդի Սանդաունսի» և Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Ջեյդեն Ադամսը մահացել է 25 տարեկանում: Մահվան պատճառները չեն հրապարակվում, գրում է Chempionat-ը։
Sunday World-ի փոխանցմամբ` երիտասարդ ֆուտբոլիստը ինքնասպան է եղել աշխարհի առաջնությունից տուն վերադառնալուց հետո։
Ինչպես գրում է իռլանդական թերթը` կիսապաշտպանի 72-ամյա տատիկը մահացել է երկու շաբաթ առաջ, և նա դեպրեսիայի մեջ է եղել։
Ադամսի մենթոր Բրենդին Ջոնսոնը ընտանիքի անունից հանդես է եկել հայտարարությամբ՝ երիտասարդ ֆուտբոլիստի մտերիմների անունից հայտնելով խորը վիշտ:
«Ամեն ինչ դեռ շատ թարմ է, հասկանո՞ւմ եք, վերքը դեռ բոլորովին նոր է։ Ընտանիքը չի ցանկանում, որ հիմա իրենց անհանգստացնեն. նրանք պարզապես ի վիճակի չեն որևէ մեկի հետ խոսել։ Այս մահը ցնցել է բոլորին. նա նոր էր վերադարձել Աշխարհի առաջնությունից, և հանկարծ՝ այսպիսի լուրեր… Ես նրա հետ խոսել էի հինգշաբթի, նա լի էր դրական լիցքերով, ուրախ էր մրցաշարից հետո տուն վերադառնալու կապակցությամբ։ Նա պատրաստ էր առաջ շարժվել՝ իմանալով, թե ինչ է իրեն սպասվում, քանի որ դարձել էր ԿԱՖ-ի չեմպիոն։ Նա ժամանակն իզուր չէր վատնում՝ ջանալով լինել տանը՝ ընտանիքի հետ։ Ես պարզապես բառեր չեմ գտնում, բայց խնդրում ենք հարգել ընտանիքի անձնական տարածքը։ Այո, կարող եմ հաստատել, որ նա այլևս չկա։ Ոչ ոք սրան չէր սպասում», — Ջոնսոնի խոսքերը մեջբերում է Soccer Laduma պորտալը։
2026 թվականի Աշխարհի առաջնությունում Ջեյդեն Ադամսը մասնակցել էր 3 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։
Նախորդ մրցաշրջանում Ադամսը դարձել էր Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող։







































