Իսրայելը երկուշաբթի հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում գտնվող ռազմական թիրախներին։ Գործողությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ հաղորդումների, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ էր արել զերծ մնալ հետագա հարձակումներից։
Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ Իսրայելի և Իրանի միջև նոր հարվածները չեն ազդի Թեհրանի հետ ԱՄՆ վարչակազմի վարած խաղաղ բանակցությունների վրա։ Նրա խոսքով՝ Իրանի հետ ավելի լայն պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնության հասնելը դեռևս հնարավոր է։
«Դա որևէ ազդեցություն չի ունենա համաձայնության վրա։ Ես եմ որոշումներ կայացնում։ Ես եմ բոլոր որոշումները կայացնում։ Նա (Նեթանյահուն) որոշումներ չի կայացնում», — ասել է Թրամփը Financial Times-ին։
Ի պատասխան իսրայելական գործողությունների՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել իսրայելական թիրախներին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իսրայելը հարվածներ է իրականացրել Իրանի տարածքում գտնվող թիրախների վրա՝ օդից արձակվող բալիստիկ հրթիռների միջոցով։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ թիրախավորել է իրանական ռազմական օբյեկտներ։ Միաժամանակ իրանական կողմը հայտարարել է, որ թիրախավորել է Ռամատ Դավիդ ավիաբազան, որը գտնվում է Նազարեթի մոտ։ Իսրայելական բանակի տվյալներով՝ Իրանից արձակված հրթիռները հայտնաբերվել և խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Վերջին ռազմական գործողությունների ֆոնին նավթի համաշխարհային գներն աճել են ավելի քան 3 տոկոսով, իսկ Brent տեսակի նավթի գինը կրկին գերազանցել է մեկ բարելի դիմաց 96 դոլարը։
Իսրայելցի պաշտոնյայի փոխանցմամբ՝ Թրամփն ու Նեթանյահուն կիրակի օրը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է մոտ կես ժամ։ Axios-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը նշել է, որ Թրամփը Նեթանյահուին հորդորել է ձեռնպահ մնալ նոր հարվածներից՝ նշելով, որ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն։
ԱՄՆ-Իրան բանակցությունների մեկնարկից ի վեր Իսրայելը շարունակել է գործողությունները Լիբանանում՝ «Հեզբոլլահի» դեմ հակամարտության շրջանակում։ Իսրայելական կողմը պնդում է, որ այդ հակամարտությունը պետք է դիտարկվի առանձին՝ Իրանի հետ հնարավոր հրադադարից։
Թեհրանը նախկինում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ ցանկացած խաղաղ համաձայնություն կախված կլինի նաև Լիբանանում հրադադարի պահպանությունից։ Իրանի խորհրդարանի նախագահ և գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ ԱՄՆ ռազմաբազաներն ու իսրայելական ակտիվները օրինական թիրախներ են՝ իրանական կողմի գնահատմամբ թշնամական գործողությունների պատճառով։









































